Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի, հյուսիսային տարածաշրջան` նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը: Հիմնադրամն իրականացնում է երկամյա հետբուհական կրթական ծրագիր` Վեբ տեխնոլոգիաներ և Մոբայլ Տեխնոլոգիաներ բաժիններում: Դասախոսներն ընտրված են երևանյան լավագույն ծրագրավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից: Կենտրոնի Ջի-Թեք Սոլյուշընս արհեստավարժ թիմի կողմից մատուցվում են ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաբնույթ ծառայություններ: Շնորհիվ իր հովանավորների` Կենտրոնը հագեցված է արդիական համակարգիչներով, տեխնիկական սարքավորումներով և գրականությամբ: Ճկուն ուսումնական ծրագրի և շեշտադրված գործնական ուսուցման շնորհիվ Կենտրոնի շրջանավարտները մրցունակ կադրեր են տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտի բարձրակարգ կրթություն՝ նպաստելով ՀՀ հյուսիսային տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծմանը ոլորտի ապակենտրոնացման միջոցով։

ՏԵՍԱԿԱՆ

Իրականացնել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ապակենտրոնացում մայրաքաղաքից տարածաշրջան` խթանելով տնտեսության զարգացմանը և արտագաղթի նվազեցմանը:

ՆՊԱՏԱԿՆԵՐ
  • Պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառում
  • Աջակցել վերոհիշյալ բնագավառում աշխատանքային շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ
  • Հիմնական դասավանդվող ծրագրերից բացի իրականացնել ՏՏ և ծրագրավորման ոլորտի կարճաժամկետ դասընթացներ` ապահովելով աշխատաշուկայում պահանջարկին համապատասխան առաջարկ
  • Բարձրացնել էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` խթանելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

It’s important not to give someone a fish to eat, but to teach him how to fish for himself.

 

Ոչ թե հաց տալ մեկ օր ապրելու համար, այլ սովորեցնել հաց վաստակել կյանքում ապրելու համար: Այս կարգախոսն էր առաջնորդում այն նվիրյալ բարերարներին, ում համատեղ ջանքերով 2005թ. հիմնադրվեց « Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը` մասնավորապես առաջին քարը դրվեց « Սարկիսյան Մեյսն» ընկերության նախագահ և հիմնադիր Պատրիկ Սարկիսյանի, Հայ Օգնության Ֆոնդի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, « Շիրակ Տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի և ազգանվեր ամերիկահայ ու տեղացի բարերարների կողմից` լեցուն հավատով ու հույսով, որ ապագա սերունդն իր աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ ավելի է ամրացնելու այդ հիմնաքարը: