Հայտնի երաժիշտ Շահան Արծրունու այցը քաղաք Գյումրի

Երեք օր շարունակ Գյումրիում էր ամերիկահայ մեծ երաժիշտ, հայտնի բարերար Շահան Արծրունին: Հանճարեղ երաժշտի ներկայությունը նոր գույն տվեց Գյումրիին: Շրջելով վարպետաց քաղաքում, մաեստրոն ավարտեց այցը Գյումրի «Մտորումներ ստեղնաշարի վրա» խորագիրը կրող համերգով, որը տեղի ունեցավ «Հայորդաց տանը»: Դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու հոգեպարար երաժշտության ամեն մի հնչյունը լցրել էր դահլիճը մի անզուգական զգացումով` ստեղծելով հիանալի մթնոլորտ: Հանճարեղ երաժշտի շնորհիվ գյումրեցի արվեստասերը հաղորդակից դարձավ հայ և համաշխարհային դասականների գործերին: Արվեստների և արհեստների կենտրոն, մշակութային մայրաքաղաք Գյումրին ապրեց մեծ կոմպոզիտորի հոգեցունց երաժշտությամբ, ամեն մի ստեղնից հորդացող մտորումը նոր կյանք և շունչ պարգևեց։