ԳՏՏԿ-ն մեծ ընտանիք է

Նարինե Խաչատրյանը ԳՏՏԿ–ի թիմում է շուրջ մեկ տարի ու կես: Մինչ այստեղ գալը Նարինեն աշխատել է շատ այլ վայրերում, բայց ԳՏՏԿ-ի առանձնահատկությունը երիտասարդ թիմն է՝ կրեատիվ, հետաքրքիր: Նախկինում աշխատանքի բերումով նա շատ ոլորտների հետ է առնչվել, ՏՏ-ն նրա համար նոր է: Սա այն ոլորտն է, որտեղ կարևորը ստեղծագործ միտքն է, ուժեղ ինտելեկտը: Նարինեն կարծում է, որ ԳՏՏԿ-ն դարձել է կամուրջ դեպի ՏՏ աշխարհ, ինչի համար անչափ ուրախ է: Գյումրիի համար Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը լուրջ հեռանկար է, ու ԳՏՏԿ-ի շնորհիվ շատ երիտասարդներ գտնում են աշխատանք այս նոր ու հետաքրքիր ոլորտում: Նա հույս ունի, որ աշխատանքը շարունակական կլինի ու ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի մեջ Գյումրին կունենա ուրույն դիմագիծ, ԳՏՏԿ-ում այս արդյունքի համար ամեն ինչ արվում է:


Վիլենա Աթանեսյանը Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում աշխատում է շուրջ 3 տարի, որի ընթացքում, բացի բազում մասնագիտական գիտելիքներից, ձեռք է բերել նաև շատ ընկերներ: Վիլենան խոստովանում է, որ մի քիչ դժվար է հարմարվում նոր միջավայրին, սակայն ԳՏՏԿ-ում կարողացել է միանգամից ինտեգրվել աշխատանքին: Մասնագիտական առումով կարող է ասել, որ ԳՏՏԿ-ն հենց այն միջավայրն է, որը նպաստում է իր մասնագիտական աճին, և կարծում, որ ԳՏՏԿ_ում իր աշխատանքը շարունակելի կլինի, որովհետև դժվար է գտնել մի աշխատավայր, որտեղ կարող ես ստեղծագործաբար մոտենալ աշխատանքին: Նա կարծում է, որ Գյումրիում նմանատիպ ուսումնական կենտրոն հիմնելը էականորեն փոխել է քաղաքի դեմքը, և վստահաբար կարող է ասել, որ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը այլընտրանք է, ու հզոր այլընտրանք տեղի երիտասարդների համար, այն միջոց է ապագայում լավ աշխատանք ունենալու:


Անին աշխատում է՝ որպես կադրերի բաժնի պատասխանատու, և ԳՏՏԿ –ի հետ համագործակցությունը սկսվել է մեկ տարի առաջ: ԳՏՏԿ-ն տվել է նրան հիանալի ընկերներ, և հնարավորություն: Այստեղ յուրաքանչյուր օրը նոր իմացության և նոր ծանոթության օր է: Դեռևս որևէ կերպ նա չի պատկերացնում իր աշխատանքը այլ ընկերությունում, որովհետև, ԳՏՏԿ-ն բացի աշխատավայր լինելուց, նաև իր համար դարձել է ընտանիք, որը շատ ավելին է քան պարզապես աշխատավայրը: Նրա կարծիքով՝ Գյումրին արժանի է արժանապատիվ երիտասարդության, և ԳՏՏԿ-ն օգնում է երիտասարդներին սովորել ու ունենալ մասնագիտություն: