gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏԿ մասնագետները Արարատի մարզում

ԳՏԿ մասնագետները Արարատի մարզում

Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում արդեն ունեցած փորձը մյուս մարզերին ներկայացնելու նպատակով Շիրակի մարզի մասնագետները հանդիպումներ ու սեմինարներ են անցկացնում այլ մարզերում: «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի տրամաբանական շարունակությամբ, դեկտեմբերի 19-ին, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի մասնագետները Արարատի մարզում էին: 
Հանդիպում տեղի ունեցավ Մասիսում՝ Մասիսի Զարգացման Հիմնադրամում, սակայն մինչ հիմնադրամում Գյումրու փորձը ներկայացնելը, հյուրերը եղան կառուցվող Մասիսի ընտանեկան սպորտային համալիրի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքների ընթացքին ու համալիրի հնարավորություններին, այնուհետև հյուրերը ծանոթացան Մասիսի երիտասարդական կենտրոնի գործունեությանը: «Մեր երկրի համար ՏՏ այն ոլորտն է, որը կարող է ու ունի զարգացման լուրջ նախադրյալներ: Մենք սիրում ենք մեր քաղաքը և շատ ենք ուզում, որ այն ավելի լավը լինի, և պետք է մտածել նաև Մասիսում ՏՏ ոլորտը զարգացնելու մասին»,-հանդիպման ընթացքում նշեց Մասիսի Զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը, նախ ներկայացնելով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի փորձը, հույս հայտնեց, որ Գյումրի փորձը նաև կիրառելի կլինի Մասիսում՝ պետք է միայն նվիրյալ աշխատանք: Ներկաները վստահեցրին, որ հանդիպումը լավ հիմք է հետագա համագործակցության:
Հաջորդիվ հյուրերը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում հանդիպում ունեցան այն երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով: Տեղում ծրագրավորող Կարեն Գասպարյանը ներկայացրեց նաև ֆրիլանս աշխատանքի ընձեռած հնարավորությունները: Ներկաները պատասխանեցին երիտասարդների հարցերին: Հյուրերին ընդունեց նաև Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: