gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  բացվեց ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  հոկտեմբերի  25-ին տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և համապատասխան կառույցների այլ ներկայացուցիչներ:

Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը   կարևորելով  նախագիծը փաստեց, որ ծրագիրը  փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար: 

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը փաստեց,որ այս ամենը չէր լինի եթե չլինեին  աջակից կառույցներն ու հատկապես ՀՕՖ-ի մշտական ու կարևոր աջակցությունը:

 Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկներին կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որն ներառելու է շուրջ 200 մասնակից, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել է ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն իրենց պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետ: